1957 թվականից

Մեր մասին

Ինստիտուտի պատմությունը սկսվում է 1957 թվականից՝ միավորելով հիմնարար հետազոտությունները, տեխնոլոգիական մշակումները և Հայաստանի քիմիական արդյունաբերության զարգացման մեջ ունեցած գիտական ներդրումը։

Ինստիտուտի պատմություն

Ընդհանուր և անօրգանական քիմիա

Հայաստանում ընդհանուր և անօրգանական քիմիայի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների զարգացումը սկսվել է 1957թ., երբ ՀՀ ԺՏԽ կազմում գիտությունների ակադեմիայի անօրգանական քիմիայի սեկտորի հիման վրա ստեղծվեց Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը:

Հետագայում նորաստեղծ ինստիտուտը տեղափոխվեց ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի, իսկ այնուհետև քիմիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ՝ որպես Երևանի քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ: 1970թ.-ից 2026թ. ինստիտուտը գտնվել է ՀՀ ԳԱԱ համակարգում:

Ինստիտուտի գիտնականները մեծ ներդրում են ունեցել հանրապետության քիմիական արդյունաբերության ստեղծման և զարգացման գործում:

Ալյումասիլիկատային ապարների քիմիական մշակման բնագավառում կատարված հիմնարար և տեխնոլոգիական հետազոտությունները հնարավորություն տվեցին առաջարկելու նեֆելինային սիենիտների համալիր մշակման նոր եղանակ, որը թույլ է տալիս ստանալ արզնահող, սոդա, պոտաշ, սիլիկատային միացություններ (Մ. Մանվելյան):

Ապակու արդյունաբերության զարգացման համար ուսումնասիրվել են քվարցիտները, պեռլիտները, լեյցիտային ապարները: Զգալի աշխատանքներ են կատարվել բորոսիլիկատային ապակիների էլեկտրաեփման ներդրման ուղղությամբ (Կ. Կոստանյան, Ա. Մելիք-Հախնազարով):

Հիմնարար արդյունքներ են ստացվել սիլիկատային և ալյումինատային լուծույթներից հատուկ մաքրության SiO2 և Al2O3 ստացման ուղղությամբ (Ա. Վարուժանյան, Կ. Աբաջյան, Ա. Խանամիրովա):

Ապարների ջրաջերմային մշակման և հարստացման եղանակը հաջողությամբ կիրառվել է իոնափոխանակման պրոցեսների միջոցով նոր հատկություններով նյութերի, հանքային պարարտանյութերի ստացման ուղղությամբ (Գ. Գրիգորյան, Ս. Կարախանյան):

Ներկայումս ինստիտուտում իրականացվող կարևորագույն ուղղություններն են՝ տեղական հումքից և արտադրական թափոններից ֆունկցիոնալ նշանակության նյութերի ստացման և ներդրման տեսական և տեխնոլոգիական հիմունքների մշակումը, ինչպես նաև նանոչափային նյութերի և կոմպոզիտների ստացումը և ուսումնասիրությունը:

Ինստիտուտի աշխատակիցների կողմից ստացված կարևորագույն արդյունքներից կարելի է առանձնացնել հետևյալները.

Իրագործվել է եռավալենտ մետաղների մոլիբդենային β-հետերոպոլիթթուների միջուկների առաջնային կառուցվածքների սինթեզը (Է. Հայրիյան):

Մշակվել է ալյումինով աղքատ հանքանյութի հարստացման պարզ և մատչելի եղանակ (Է. Նազարյան):

Հետազոտվել են նոր օքսիհալոգենիդային համակարգերի ֆազային և ապակեգոյացման դիագրամները, հալույթների և ապակիների բյուրեղացման պրոցեսները, մետաստաբիլ և կայուն լիքվացիայի կառույցով ապակիների տիրույթները, բևեռացված բյուրեղական կառույցի առաջացման մեխանիզմը: Մշակվել են նոր բաղադրության և ֆունկցիոնալ նշանակության ապակիներ, ապակեբյուրեղային և նանոկոմպոզիտային նյութեր և տեխնոլոգիա (Ն. Կնյազյան):

Առաջարկվել է սերպենտինացված ապարների ջերմաթթվային մշակման նոր եղանակ՝ MgO-ի մինչև 95% լուծահանմամբ (Ն. Զուլումյան):

Դժվար սինթեզվող սիլիկատային գունանյութերի ստացման համար մշակվել է առավել արդյունավետ և էկոլոգիապես անվնաս եղանակ, որը հնարավորություն տվեց ստանալ շուկայում մրցունակ սիլիկատային պիգմենտներ (Հ. Բեգլարյան):

Ուսումնասիրվել են շերտավոր կավերի խտանյութերի ստացման, մաքրման և օրգանական նյութերի հետ փոխազդեցության պրոցեսները՝ ռետինների, կաուչուկի, դեղորայքի և օծանելիքների լցանյութերի համար (Վ. Մարտիրոսյան):

Մշակվել են նանոկառուցվածքային պոլիմերային կոմպոզիտներ, սիլիկաօրգանական հիմքով բարձր արդյունավետությամբ հակակոռոզիոն նյութեր, ցածրջերմաստիճանային կորունդային կերամիկայի ստացման եղանակներ (Ա. Կոստանյան):

Մշակվել է նոր պլազմամեխանաքիմիական եղանակ հատուկ մաքրության ալմաստների, ինչպես նաև ցիկլոհեքսանի փոխարկման և մեթանի ածխաթթվային կոնվերսիայի պրոցեսներում օգտագործվող նանոչափ Fe, Co, Ni փոշիների և դրանց համաձուլվածքների սինթեզի համար (Ա. Թաթարյան):

Ուսումնասիրվել են Հայաստանի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի օքսիդացված շերտերի ֆլոտացիոն վերամշակման պրոցեսները սուլֆիդիզատորների առկայությամբ (Ա. Հովսեփյան):

2007թ.-2019թ. տարբեր երկրների գիտնականների հետ գիտական գործունեությունը ընդլայնելու նպատակով կազմակերպվել են վեց միջազգային գիտական կոնֆերանսներ:

Միաժամանակ, ինստիտուտն անօրգանական քիմիայի և տեխնոլոգիայի ասպարեզում հետազոտողների և երիտասարդ կադրերի պատրաստման մեծ դպրոց էր և շարունակում է այդպիսին մնալ:

Ժամանակագրություն

1957

Ինստիտուտի ստեղծում

Սկսվեց ընդհանուր և անօրգանական քիմիայի համակարգված գիտահետազոտական աշխատանքը։

1970–2026

ՀՀ ԳԱԱ համակարգում

Ինստիտուտը երկար տարիներ գործել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում։

2007–2019

Միջազգային գիտաժողովներ

Կազմակերպվել են միջազգային գիտական հանդիպումներ՝ համագործակցությունը զարգացնելու նպատակով։