Լաբորատորիաներ և գիտական խմբեր
Ադսորբենտների և լցանյութերի խումբ
Ուսումնասիրում է բենտոնիտներ, ցեոլիտներ, դիատոմիտներ և հիդրոսիլիկատներ՝ բարձրորակ սորբենտների և լցանյութերի ստացման համար։

Նկարագիր
1960-ական թվականներին Գ.Գ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ ստեղծվել է Ադսորբենտների և լցանյութերի լաբորատորիա, որը զբաղվել է տեղական հումքի՝ հանքային ապարների (բենտոնիտներ, ցեոլիտներ, դիատոմիտներ և այլն) ուսումնասիրությամբ, վերամշակմամբ և դրանցից ադսորբենտների, լցանյութերի ու տարբեր տեսակի ֆիլտրող, կլանող, գունազրկող փոշիների ստացմամբ:
Ուսումնասիրվել են Նոյեմբերյանի և Սարիգյուղի (Իջևան) բենտոնիտները, մշակվել է կավային հումքի թթվային և հիմնային ակտիվացման նոր եղանակ: Մշակված տեխնոլոգիան անցել է խոշոր լաբորատոր և գործարանային փորձարկումներ ու ներդրվել է Իջևանի բենտոնիտի գործարանում, որտեղ կառուցվել է բենտոնիտների թթվային ակտիվացման արտադրամաս: Արտադրանքը արտասահմանում արժանացել է բարձր գնահատականի յուղերի, ձեթերի մաքրման, գունազրկման և հոտազերծման պրոցեսներում: Բացի նշվածից, լաբորատորիայում ուսումնասիրվել և պայմաններ են մշակվել Իջևանի բենտոնիտը բնական և ակտիվացված վիճակում գինեգործության մեջ գինիների պարզեցման նպատակով, Երևանի անվադողերի գործարանում ռետինի մեջ և Նաիրիտ գործարանում «Աէրիտ-Բ» տեսակի հիդրոմեկուսիչ հեղուկում որպես լցանյութ՝ թանկարժեք մրի փոխարեն օգտագործելու համար:
Այժմ կատարվում են բնական դիատոմիտների թերմոքիմիական մշակման պրոցեսների ուսումնասիրություն, ձևափոխման օպտիմալ պայմանների հետազոտում և ակտիվացված դիատոմիտների ստացման եղանակի մշակում: Արդյունքում ստացվել են բարձր սորբող-ֆիլտրող հատկություններով օժտված փոշիներ: Պրոդուկտը կիրառվել է «Արաբկիր» քիմմաքրման կոմբինատում՝ քիմմաքրման պրոցեսներում թափոնային օրգանական լուծույթների վերականգնման ընթացքում, գարեջրի արտադրությունում և այլուր:
Կատարվում են նաև աշխատանքներ բնական ցեոլիտների հատկությունների ուսումնասիրության և դրանցից ադսորբենտների ստացման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվել նաև արհեստական ցեոլիտների սինթեզի օպտիմալ պայմանների և տեխնոլոգիայի մշակման ուղղությամբ, քանի որ արհեստական ցեոլիտներից կարելի է ստանալ մոլեկուլային մաղեր՝ ծակոտիների չափսերի ավելի լայն տիրույթով:
Մշակվել է սիլիկատային թթվային ջրերից Ca-ի մետասիլիկատի և բարձրորակ վոլաստոնիտի ստացման տեխնոլոգիա: Աշխատանքի արդյունքները կիրառվել են ներկերի և կերամիկական իրերի արտադրություններում որպես լցանյութ:
Ներկայումս լաբորատորիան աշխատում է որպես գիտական խումբ՝ հանքային կավային ապարների (բենտոնիտ, ցեոլիտ, դիատոմիտ, հիդրոսիլիկատներ) ու կորիզային հումքի ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրության և դրանց հիմքով բարձրորակ սորբենտների ու իոնափոխիչների ստացման ուղղությամբ: Ֆինանսավորումը բազային է:
Ղեկավար
տ.գ.թ. Վարդան Մարտիրոսյան
Հետազոտական ուղղություններ
Կապված աշխատակիցներ
Վարդան Մարտիրոսյան
Խմբի ղեկավար, տ.գ.թ.
