Լաբորատորիաներ և գիտական խմբեր
Ալյումասիլիկատային լեռնային ապարների վերամշակման և անօրգանական պոլիմերների լաբորատորիա
Զբաղվում է լեռնային ապարների քիմիական մշակմամբ, միկրոալիքային սինթեզով և ֆունկցիոնալ սիլիկատային նյութերի ստացմամբ։

Նկարագիր
1957թ-ից լաբորատորիայում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ լեռնային ապարների (նեֆելինային սիենիտ, պեռլիտ, դիատոմիտ, տրեպել, քվարցիտ, դոլոմիտ, կրաքար) հիդրոջերմային մշակման մեթոդների կատարելագործման և նոր մոտեցումների զարգացման ուղղությամբ՝ արզնահողի, սիլիկատների և կոմպոզիտային նյութերի ստացման նպատակով: Լաբորատորիան ստեղծման օրվանից մինչև 2013թ. ղեկավարել է տ.գ.թ. Ս. Ենգիբարյանը, իսկ 2013թ-ից՝ տ.գ.թ. Վ.Վ. Բաղրամյանը:
Մշակվել են հեղուկ ապակու, սիլիցիումի երկօքսիդի, բյուրեղապակու, օպտիկական և կերամիկական ներկերի, ջերմակարգավորիչ ծածկույթների, ռադիացիոն պաշտպանիչ և այլ ունիկալ հատկություններով նյութերի ստացման տեխնոլոգիաներ, որոնք փորձարկվել և ներդրվել են տարբեր գործարաններում: Լաբորատորիան առաջիններից է Հայաստանում, որն սկսել է զբաղվել միկրոալիքային (ՄԱ) քիմիայով: Ստացվել են լեգիրացված սիլիկատներ, որոնց բյուրեղացումը իրականացվում է 150–200°C-ով ցածր ջերմաստիճաններում: Մշակվել է սիլիկատային ներկերի և ցիրկոնային պիգմենտների ստացման ՄԱ մեթոդ: Իրականացվել է ՄԳՏԿ-ից ֆինանսավորվող A-2133 նախագիծը։
Լաբորատորիայի գիտական գործունեության հիմնական ուղղությունը լեռնային ապարների քիմիական մշակումն է՝ դրանցում պարունակվող սիլիկահողը և այլ անօրգանական տարրերը լուծելի միացությունների վերածելու միջոցով և դրանց հիման վրա արժեքավոր նոր նյութերի ստացումը։
Դրված նպատակներն իրագործելու համար մշակվել և մշակվում են նոր մեթոդներ ծախսատար ավանդական մեթոդները բարելավելու և փոխարինելու նպատակով։ Մասնավորապես լաբորատորիան մշակել է սիլիկատային նյութերի ստացման նոր՝ միկրոալիքային (ՄԱ) մեթոդ, և վերջին տասնհինգ տարում գիտահետազոտական աշխատանքների գերակշիռ մասն ուղղված է այդ մեթոդով մաքուր սիլիկատների, ֆունկցիոնալ նյութերի, կոմպոզիտների, պիգմենտների, ապակիների բովախառնուրդի, հատուկ կերամիկայի և այլ նյութերի ստացման օպտիմալ պայմանների մշակմանը, փորձնական նմուշների ստացմանը և ստացված նյութերի ուսումնասիրմանը։
Ներկայումս բազային թեմայով իրականացվում է միկրոալիքային ճառագայթման ազդեցության ուսումնասիրությունը իտրիումի սիլիկատների, ալյումինատների և Y2O3-Al2O3-SiO2 համակարգում ֆունկցիոնալ նյութերի ստացման մեխանիզմի վրա, ինչպես նաև նշված նյութերի ստացման էներգետիկ ծախսերը նվազեցնելու և ֆիզիկաքիմիական հատկությունները բարելավելու նպատակով նոր ՄԱ մեթոդի մշակումը։
Թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում (Թեմա 21T-1D146՝ «Ֆոտոկատալիտիկ հատկություններով օժտված կոմպոզիտային նյութերի միկրոալիքային սինթեզ») մշակվել է ֆոտոկատալիտիկ ակտիվությամբ օժտված ցինկ սիլիկատային կոմպոզիտների ստացման նոր միկրոալիքային եղանակ:
Ներկայումս կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ սիլիկահող պարունակող լեռնային ապարներից (պեռլիտ, դիատոմիտ, քվարցիտ և այլն) ՄԱ մեթոդով հատուկ հատկություններով նյութերի ստացման ուղղությամբ, մասնավորապես՝ նոր դասի սիլիկատային ակտիվ ֆոտոկատալիզատորների, պիեզոէլեկտրական հատկություններով օժտված նյութերի, ճառագայթակայուն և ճառագայթապաշտպան նյութերի, կերամիկական պիգմենտների ՄԱ սինթեզի մշակմամբ։ Լաբորատորիան սերտորեն համագործակցում է Մոդենայի համալսարանի (Իտալիա), Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ), Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, ԵՊՀ-ի և ՀԱՊՀ-ի հետ։
Նշված համագործակցության արդյունքում առկա են 30 և ավելի տպագրված հոդվածներ և գիտաժողովների մասնակցություն։
Ղեկավար
Վոլոդյա Բաղրամյան
Հետազոտական ուղղություններ
Կապված աշխատակիցներ
Վոլոդյա Բաղրամյան
Լաբորատորիայի վարիչ
