Լաբորատորիաներ և գիտական խմբեր
Հիմնային ապարներից կիրառական նյութերի ստացման և ուսումնասիրության լաբորատորիա
Սինթեզում և ուսումնասիրում է սիլիկատային կերամիկաներ, պիգմենտներ և լյումինաֆորներ տեղական սերպենտինիտային հումքից։

Նկարագիր
2023թ. ստեղծվել է «Հիմնային ապարներից կիրառական նյութերի ստացման և ուսումնասիրության» լաբորատորիան, որի նպատակն է տեղական հումքից՝ սերպենտինիտներից (Mg(Fe))6[Si4O10](OH)8 ստացված «ոչ ավանդական» տեսակի սիլիցիումի երկօքսիդից սինթեզել տարբեր գործնական նշանակություն ունեցող սիլիկատային կերամիկաներ, պիգմենտներ, լյումինաֆորներ և այլն, իրականացնել դրանց ուսումնասիրության և սինթեզի արդյունավետ ուղիների մշակման աշխատանքներ։
Յուրովի մոտենալով դժվարահալ սիլիկատային միացությունների ստացման ճանապարհներին՝ խումբը իրականացրել է մի շարք դրամաշնորհային ծրագրեր՝ երկու անգամ երիտասարդների աջակցման ծրագիր (13YR-1D0005, 16YR-1D025), լաբորատորիայի ստեղծում (21SCG-1D013), թեմատիկ (21T-1D131) և լաբորատորիայի ամրապնդում (21SCG-1D013)։
Դժվար սինթեզվող սիլիկատային գունանյութերի ստացման համար մշակվել է առավել արդյունավետ և էկոլոգիապես անվնաս եղանակ, որը հնարավորություն տվեց ստանալ շուկայում մրցունակ սիլիկատային պիգմենտներ: Օրինակ՝ մշակվել է նոր մեթոդաբանություն վիլեմիտային հիմքով սիլիկատային գունանյութերի՝ Zn2-xCoxSiO4 (կապույտ՝ x=0.01–0.5) և Zn2-xNixSiO4 (երկնագույն՝ x=0.1–0.4 և կանաչ՝ x=0.5–2.0), ստացման համար՝ օգտագործելով սերպենտինիտներից առաջացած հիդրոսիլիկաժելը։ Առաջին անգամ ցածր՝ 900–1100 °C ջերմաստիճաններում մեկ ժամ տևողությամբ ջերմամշակման պայմաններում նստեցման եղանակով հնարավոր եղավ ստանալ նիկելի դժվար սինթեզվող սիլիկատի՝ Ni2SiO4-ի բարձր ելք՝ 94–98 %: Ստացված գունանյութերը փորձարկվել են տարբեր ջնարակներում, ուսումնասիրվել են տաքացման ընթացքում դրանց ջերմաստիճանային կայունությունը, ջնարակի մատրիցայի հետ փոխազդեցությունը և վերջնական գունային հատկությունները շիկացումից հետո։
Բազմաթիվ փորձարկումների արդյունքում պարզվել է, որ սենյակային ջերմաստիճանում նստեցված SiO2·nH2O–NaOH–BaCl2–Eu(NO3)3 համակարգի միջանկյալ միացությունների 1100 °C-ում ջերմամշակման արդյունքում ձևավորվում է նոր լյումինեսցենտային նյութ՝ NaBa6Eu(SiO4)4 բաղադրությամբ, որը ցուցաբերում է վարդագույն լյումինեսցենցիա ուլտրամանուշակագույն ճառագայթման դեպքում։ Այս նյութը ունի մեծ պոտենցիալ տարբեր տեխնոլոգիական և գիտական ոլորտներում գործնական կիրառման համար։
Լաբորատորիան սերտ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտական կենտրոնների հետ՝ Հռոմի Սապիենզա համալսարանի և ՌԴ ԳԱԱ Գրեբենշչիկովի անվան սիլիկատների քիմիայի ինստիտուտի հետ։ Տպագրվել են ավելի քան 20 գիտական աշխատանքներ, որոնք ներառված են Scopus շտեմարանում։
Ղեկավար
ք.գ.թ., դոցենտ Հ.Ա. Բեգլարյան
Հետազոտական ուղղություններ
Կապված աշխատակիցներ
Հ.Ա. Բեգլարյան
Լաբորատորիայի վարիչ, ք.գ.թ., դոցենտ
