Լաբորատորիաներ և գիտական խմբեր
Հիմնային ապարների ֆիզիկաքիմիական հետազոտությունների և մշակման լաբորատորիա
Հետազոտում է սերպենտինացված ուլտրահիմնային ապարների քիմիական մշակումը, բիշոֆիտի և սիլիկահողերի ստացումը։

Նկարագիր
Ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրության հիման վրա քիմիական մշակման են ենթարկվել Հայաստանի դունիտային, պերիդոտիտային և պիրոքսենիտային երկաթ-մագնեզիումային սերպենտինացված ուլտրահիմնային ապարները բիշոֆիտի՝ MgCl2·6H2O, ստացման համար։
Առաջարկվել է բիշոֆիտի ստացման մատչելի, էկոլոգիապես անվնաս եղանակ, որով, ի տարբերություն մի շարք երկրների հետազոտողների կողմից առաջարկած եղանակների, պրոցեսի ընթացքում ստացվում է նաև բավարար ելքերով SiO2-ի երկու տարատեսակ՝ հիդրոսիլիկաժելի և նանոչափս շերտային սիլիկահողի ձևով, ինչպես նաև երկաթի եռարժեք հիդրօքսիդ։ Այն արտոնագրված է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ ներկայացված է նաև բիշոֆիտի ստացման սխեմատիկ պատկերը։
Հաշվի առնելով հիդրոսիլիկաժելի և շերտային սիլիկահողի առանձնահատկությունները, որոնք էապես տարբերվում են քվարցից ստացված ամորֆ սիլիկահողից, մեղմ պայմաններում սինթեզվել են ցածր ջերմաստիճանային մի շարք սիլիկատային միացություններ։ Օրինակ՝ շերտային սիլիկահողից ստացվել է վոլաստոնիտ CaSiO3, ընդ որում կախված սերպենտինային ապարի տարատեսակից ստացվում են տարբեր չափսի վոլաստոնիտի ասեղնաձև բյուրեղներ։ Հիդրոսիլիկաժելից և համապատասխան մետաղների աղերից սինթեզվել են բարիումի, ստրոնցիումի, ցիրկոնիումի, ցինկի սիլիկատներ, որոնցից որոշները հետագայում օգտագործվել են գունանյութեր ստանալու համար։ Ներկայումս նման բնույթի աշխատանքներ են տարվում կոբալտով դոպացված սիլիկատային միացությունների ստացման համար, որոնցում աղերի փոխարեն փոխազդեցության համար օգտագործվում են մետաղների օքսիդներ։ Առաջիկայում տարբեր սիլիկատային միացությունների և գունանյութերի ստացման աշխատանքները կշարունակվեն՝ ներգրավելով այլ կատիոնային համակարգեր։
ԳՊԿ-ի և ԳԱԱ-ի համատեղ մասնակի ֆինանսավորմամբ հավաքվել է պիլոտային սարքավորում և հաջողությամբ իրականացվել է առաջադրված խնդիրը՝ ստանալ բիշոֆիտ և սիլիկահողեր առաջարկված եղանակով։
Լաբորատորիայի աշխատակիցները և ինստիտուտի ղեկավարությունը հույս ունեն, որ առաջարկված սխեման ի վերջո կյանքի կկոչվի ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։
Ղեկավար
ք.գ.դ., պրոֆեսոր Ն. Զուլումյան
Հետազոտական ուղղություններ
Կապված աշխատակիցներ
Ն. Զուլումյան
Լաբորատորիայի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր
