Վերադառնալ լաբորատորիաներին

Լաբորատորիաներ և գիտական խմբեր

Ապակու և սիտալների քիմիայի և տեխնոլոգիայի լաբորատորիա

Մշակում է նոր ֆունկցիոնալ ապակիներ, ապակեբյուրեղային նյութեր, օպտիկական և հատուկ նշանակության ապակեկերպ նյութեր։

Ապակու և սիտալների քիմիայի և տեխնոլոգիայի լաբորատորիա

Նկարագիր

Նոր ֆունկցիոնալ նշանակության ապակիների և ապակեբյուրեղային (ապակեկերամիկա) նյութերի սինթեզ և տեխնոլոգիա։

1957թ. ստեղծվել է որպես Անօրգանական պոլիմերների լաբորատորիա, ներկայումս՝ «Ապակու և սիտալների քիմիայի և տեխնոլոգիայի» լաբորատորիա։ Լաբորատորիան զբաղվում է տարբեր դասի դժվարահալ օքսիդային և օքսիհալոգենիդային համակարգերի վիճակի և ապակեգոյացման դիագրամների, ֆազային փոխարկումների ուսումնասիրությամբ՝ ապակեկերպ, ապակեբյուրեղային, բյուրեղային և նանոկոմպոզիտային նոր ֆունկցիոնալ նշանակության նյութերի սինթեզով և տեխնոլոգիայի մշակմամբ:

1․ Նոր օքսիհալոգենիդային համակարգերի վիճակի և ապակեգոյացման դիագրամների ուսումնասիրություն, հալույթներից ապակեկերպ և բյուրեղային վիճակների անցման առանձնահատկությունների և պայմանների բացահայտում:

2․ Նանոապակեբյուրեղային նյութեր բարձր թափանցելիությամբ, ջերմակայունությամբ և ցածր դիէլեկտրիկ կորուստերով միկրոէլեկտրոնիկայի համար:

3․ Ալյումաբորասիլիկատային օքսիֆտորիդային համակարգերի հիմքով օպտիկական ապակիներ բեկման ցուցիչի և դիսպերսիայի գործակցի փոփոխության լայն տիրույթով՝ օպտիկական սարքաշինության համար:

4․ Ապակեկերպ և ապակեբյուրեղային լյումինաֆորներ (LED):

5․ Բիոսիտալներ (ստոմատոլոգիա, իմպլանտատներ):

6․ Հատուկ նշանակության ապակիներ և ապակեկերպ նյութեր՝ կիսահաղորդիչներ, ռադիացիոն կայուն և լազերային լոկացիայից պաշտպանող ապակիներ, ԻԿ-տիրույթում թափանցիկ ապակիներ գիշերային տեսողության սարքերի համար, այդ թվում՝ «Սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում թափանցիկ ապակիներ՝ օպտիկական սարքաշինության և գիշերային տեսողության սարքերի համար» 20DP-1D05 ծրագիրը:

7․ Արագ ամրացող բարձրաալյումինատային ցեմենտի նոր բաղադրություններ և տեխնոլոգիա՝ կիրառելի արտակարգ իրավիճակներում:

Կատարվել են տարբեր թեմատիկ աշխատանքներ թե՛ տեղական, թե՛ միջազգային ծրագրերով՝ 2011թ. ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Ապակեբյուրեղային սեգնետոէլեկտրիկ նյութերի ստացում ալյումաբորատային համակարգերի ապակիների ուղղորդված բյուրեղացմամբ» հիմնարար և կիրառական թեմաներով, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ_ՀՀԲՀՀ-2014, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ_ՀՀԲՀՀ-2016, «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ - 2020» միջազգային մրցույթների հաղթած և երկակի նշանակության ծրագրերում:

Ներկայումս նպատակային ծրագրի սահմաններում կատարվում է «Ռադիացիոն-կայուն և լազերային լոկացիայից պաշտպանող ապակեկերպ ու կոմպոզիտային նյութերի մշակում» թեման։

Այս բնագավառում պաշտպանվել է 13 թեկնածուական աշխատանք:

Լաբորատորիան սերտ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտական կենտրոնների հետ՝ Բուլղարիայի, Բելարուսի, Վրաստանի, ՌԴ ԳԱԱ Գրեբենշչիկովի անվան սիլիկատների քիմիայի ինստիտուտի, ՌԴ Հեռավոր արևելքի տեխնիկական համալսարանի և քիմիայի ինստիտուտի, ՌԴ Կոլայի գիտական կենտրոնի Տանանաևի անվան հազվագյուտ և միներալային հումքի քիմիայի և տեխնոլոգիայի ինստիտուտի, ՌԴ ԳԱ Կուռնակովի անվան ԸԱՔ-ի հետ: Տպագրվել են մոտ 400 գիտական հոդվածներ տեղական և միջազգային ամսագրերում, որոնք ներառված են Scopus և WOS տվյալների բազաներում։ Ստացվել է 60 արտոնագիր, առկա է նաև ՌԴ հետ համատեղ պատենտ։

Ղեկավար

տ.գ.դ., պրոֆեսոր Ն.Բ. Կնյազյան

Հետազոտական ուղղություններ

Glass
Glass Ceramics
Optical Materials

Կապված աշխատակիցներ

Ն.Բ. Կնյազյան

Լաբորատորիայի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր