Լաբորատորիաներ և գիտական խմբեր
Հետերաֆազ քիմիական պրոցեսների բազային գիտահետազոտական խումբ
Ուսումնասիրում է գազաֆազ շղթայական ռեակցիաների ազդեցությամբ անօրգանական նյութերի ուղղորդված փոխարկումները և կատալիտիկ համակարգերը։

Նկարագիր
2005թ. ՀՊՃՀ և ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ի համատեղ գիտաուսումնական բազայի կից հիմնադրվել է լաբորատորիա: 2011թ. գործում է ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ կազմում: Ստեղծման օրվանից գիտական ղեկավարն ու վարիչն է ք.գ.թ. Կ. Մանթաշյանը: 2026թ. գործում է որպես խումբ:
Գիտական հետազոտությունների հիմքում դրված է Հայաստանում ստեղծված՝ գազաֆազ շղթայական ռեակցիաների ազդեցությամբ տարաբնույթ անօրգանական միացությունների և նյութերի հետերաֆազ քիմիական փոխարկման պրոցեսների (ՇՌԱ-պրոցեսներ) նոր սկզբունքը, որը թույլ է տալիս իրականացնել նաև այնպիսի պրոցեսներ, որոնք դժվար են ընթանում սովորական քիմիական մեթոդների կիրառման ժամանակ:
ՇՌԱ-մեթոդը թույլ է տվել իրականացնել տարբեր դասի և կառուցվածքի անօրգանական նյութերի բարձրարդյունավետ, ուղղորդված-ընտրողական ռադիկալաշղթայական քիմիական փոխարկումներ և նոր հատկություններով նյութերի սինթեզ: Այդ տիպի զուգորդված հետերաֆազ պրոցեսի ընթացքում բավարար կոնցենտրացիաներով անընդհատ գեներացվող և գոյացող ատոմներն ու ազատ ռադիկալները ակտիվորեն մտնում են կարծրաֆազ միացության հետ տարբեր քիմիական ռեակցիաների մեջ՝ ցածր ակտիվացման էներգիայով, միաժամանակ ստեղծելով նոր ակտիվ կենտրոններ և դրանով ապահովելով հոմոգեն-հետերոգեն ՇՌԱ-պրոցեսների ընթացքը՝ փոխարկման բարձր արագությամբ և զգալիորեն ցածր ջերմաստիճաններում:
Մշակվող սկզբունքորեն նոր մոտեցումը փորձարկված է բազմաթիվ օրինակների վրա: Ստացված գիտական արդյունքները ցույց են տալիս, որ տարբեր մետաղների (Cu, Fe, Mo, Ti, Pb, Zn, Al, Re) սուլֆիդները, սուլֆատները, քլորիդներն ու օքսիդները, ինչպես նաև բնական ոչ մետաղական միներալային սիլիկատային հումքանյութերը (քվարցիտներ, պեռլիտներ, ցեոլիտներ, դունիտներ) մեկ փուլով ենթարկվում են արդյունավետ փոխարկման: ՇՌԱ-ազդեցությամբ հնարավոր է դառնում ստանալ նոր արդիական հատկություններով օժտված միացություններ և նյութեր: Տվյալները վկայում են, որ կախված ՇՌԱ-ռեժիմի չափորոշիչներից՝ պրոցեսի ընթացքում կարող են առաջանալ ամորֆ և նանոչափ մասնիկներ, բյուրեղային ցանցի ոչ լիովին կանոնավորված գոյացումներ, ոչ ստեխիոմետրիկ միացություններ, պարամագնիսական հատկություններով օժտված վիճակներ և այլն: Նշված տիպի նյութերը ունեն բարձր քիմիական ակտիվություն:
Ներկա պահին առկա հիմնարար և տեխնոլոգիական գիտական ձեռքբերումները թույլ են տալիս ՇՌԱ-մեթոդի կիրառմամբ որոշ կարևոր կիրառական խնդիրների լուծման համար առաջարկել հետևյալ գործնական եղանակները.
1․ Տարրական ծծմբի (S) առաջացմամբ ՀՀ կարևոր միներալային բնական սուլֆիդային հանքանյութերի և խտանյութերի՝ մոլիբդենիտ MoS2, խալկոպիրիտ CuFeS2, պիրիտ FeS2, սֆալերիտ ZnS, ինչպես նաև մետալուրգիական թափոնային խարամների տնտեսապես և էներգետիկ տեսակետից ձեռնտու, բնապահպանորեն ապահովված, արժեքավոր արգասիք-վերջնանյութերի և նոր հատկություններով միացությունների ստացումով վերամշակման ժամանակակից արդյունավետ հետերաֆազ պրոցեսներ:
2․ Արդյունաբերական նշանակություն ունեցող ածխաջրածինների օքսիդացման գազաֆազ շղթայական ռեակցիաներում կիրառման նպատակով բարձր ընտրողականությամբ նոր տեսակի և որակի ուղղորդված կատալիզատորների ստացման սկզբունքորեն նոր եղանակ:
Ղեկավար
ք.գ.թ. Կորյուն Մանթաշյան
Հետազոտական ուղղություններ
Կապված աշխատակիցներ
Կորյուն Մանթաշյան
Գիտական ղեկավար, ք.գ.թ.
