Լաբորատորիաներ և գիտական խմբեր
Հանքային աղերի լաբորատորիա
Մշակում է հանքային աղերի, ֆոսֆոգիպսի, պարարտանյութերի, վոլաստոնիտի և ցեմենտային հավելանյութերի ստացման տեխնոլոգիաներ։

Նկարագիր
Հանքային աղերի լաբորատորիան հիմնվել է 1957թ. և ներգրավվել նեֆելինային սիենիտներից շիկահողի ստացման աշխատանքներին՝ տ.գ.թ. Գ. Գրիգորյանի ղեկավարությամբ։
Լաբորատորիան զբաղվել է ֆոսֆոգիպսի չորացման և հատիկավորման մեթոդի մշակմամբ, ֆոսֆոգիպսի վերամշակումով այլ նյութերի՝ ցեմենտի և ծծմբական թթվի, ինչպես նաև բարձր ամրությամբ կապակցանյութի (α-գիպս) ստացմամբ: Այդ աշխատանքները ներդրվել են Վոսկրեսենսկի, Ուվարովի, Գոմելի, Ուկրաինայի Սումի և Լեհաստանի Վիզով քաղաքների քիմիական կոմբինատներում:
Ցածր ջերմաստիճանային տեխնոլոգիայով վոլաստոնիտի ստացման ուղղված աշխատանքները շարունակվել են՝ վոլաստոնիտի հիմքի վրա ոսկերչական կաղապարանյութերի ստացումով և ներդրումով Երևանի ոսկերչական գործարանում՝ ՄԳՏԿ A-714 նախագծով: Մշակվել է հայկական կավերից կղմինդրի ստացման մեթոդ և տեխնոլոգիա:
Կալիումական ալյումոսիլիկատներից դանդաղ գործող պարարտանյութերի ստացման մեթոդի և տեխնոլոգիայի մշակման աշխատանքները շարունակվել են 2013թ-ից՝ լաբորատորիայի վարիչ, տ.գ.թ. Կ. Գրիգորյանի ղեկավարությամբ (ՄԳՏԿ A-2196 նախագիծ):
Կատարվում են հետազոտություններ տեղական, ոչ ավանդական հումքից, մասնավորապես Սիսիանի դիատոմային ապարներից P, Fe, ամորֆ սիլիցիումի դիօքսիդ և այլ կարևոր սննդատարրեր պարունակող պարարտանյութերի ստացման նպատակով։ Առաջարկվել է պարարտանյութի ստացման անթափոն, քիչ ծախսատար եղանակ։ Ուսումնասիրվել են ստացված պարարտանյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները, կատարվել են ագրոքիմիական փորձարկումներ, որոնք ցույց են տվել պարարտանյութերի բարձր արդյունավետությունը՝ համեմատած կրկնակի սուպերֆոսֆատի, երկաթի սուլֆատի և սիլիցիումի դիօքսիդի պարզ խառնուրդի հետ: Պարարտանյութը օժտված է դանդաղ և տևական ազդեցությամբ, կիրառելի է ավանդական և օրգանական գյուղատնտեսությունում։ Կատարվում են աշխատանքներ մեթոդի կատարելագործման, պարարտանյութի կիրառվող չափաքանակների և ժամկետների ճշտման նպատակով։
Ուսումնասիրվում է ՀՀ-ում լայն տարածում ունեցող սերպենտինների թթվային մշակման արդյունքում հումքում առկա սննդատարրերի փոխակերպման ընթացքը՝ բույսերին մատչելի ձևերի: Բացի սերպենտինային հումքում պարունակվող սննդատարրերից՝ մասնավորապես Mg-ից, Fe-ից, Si-ից և այլն, կախված ազդող թթվից, ստացվող պարարտանյութը կարող է լրացուցիչ պարունակել նաև S կամ N։ Համաձայն կատարված ագրոքիմիական փորձարկումների՝ ստացված պարարտանյութը մրցունակ է իր անալոգների նկատմամբ։
Շատ կարևոր է նաև, որ հումքը մատչելի է, այն կարող է լինել նաև այլ արտադրությունների թափոն՝ սերպենտին, ծծմբական թթու, ծծմբական և ազոտական թթուների խառնուրդ, օժանդակելով այդ արտադրությունների ծավալների ավելացմանը, օրինակ՝ «ԱՐԻԱԿ» ՓԲԸ-ի։ Նախատեսվում է կատարել աշխատանքներ մեթոդի, տեխնոլոգիական լուծումների կատարելագործման և լայնածավալ գյուղատնտեսական փորձարկումների ուղղությամբ։
Ցեմենտի մի մասը հանքային հավելանյութերով փոխարինելը կարևոր է ինչպես ճարտարագիտական, այնպես էլ բնապահպանական և տնտեսական տեսանկյունից։ Ուսումնասիրվում է ցեմենտի խառնման մեթոդների, թիրախային հավելումների և տարբեր տեսակի լցանյութերի ազդեցությունը ցեմենտի ամրության և կառուցվածքի վրա: Ցեմենտային նյութերի հատկությունների բարելավման աշխատանքները շարունակվում են, մասնավորապես՝ նանոչափ լցանյութերի օգտագործման միջոցով, և նախնական արդյունքները դրական են։ Ուսումնասիրվում է նաև նոր մոտեցում, որն ուղղված է ցեմենտի հիման վրա սենսորային նյութերի ստացմանը, ինչը ժամանակակից և արագ զարգացող ոլորտ է։
Ղեկավար
տ.գ.թ. Կարեն Գրիգորյան
Հետազոտական ուղղություններ
Կապված աշխատակիցներ
Կարեն Գրիգորյան
Լաբորատորիայի վարիչ, տ.գ.թ.
